«ՄԵՆՔ ՈՒԿՐԱԻՆԱ ՉԵՆՔ, ՈՐ ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵՆՔ»
Հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակի, որոշ ներքաղաքական զարգացումների, հնարավոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ «Իրավունքը de facto»-ի հարցերին է պատասխանում Ազգային ժողովի փոխնախագահ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
-Պարոն Կարապետյան, տեղի ունեցավ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան, ՀՅԴ-ն, հայտնի է, ինչ դիրքորոշում դրսևորեց։ Չե՞ք կարծում, որ այցից հետո եղան որոշակի շահարկումներ, թուրքական կողմը փորձում է այն օգտագործել քարոզչական դաշտում։
-Իսկապես, դաշնակցությունը հստակ դիրքորոշում դրսևորեց այդ օրերին` զանգվածային մի շարք միջոցառումներ անցկացնելով։ Մենք դիրքորոշում ենք արտահայտել այդ այցի վերաբերյալ ինչպես սեպտեմբերի 2-ի հանրահավաքում, այնպես էլ սեպտեմբերի 6-ին՝ Թուրքիայի նախագահի ժամանման օրը. քաղաքակիրթ շրջանակներում արտահայտել ենք մեր արդար պահանջները։
Ընդհանրապես, Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման հարցում ՀՅԴ դիրքորոշումը հայտնի է։ Բայց մյուս կողմից էլ մենք չենք համարում, որ սա Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն է։ Մենք համապատասխան պարզաբանումներ ստացել ենք հանրապետության նախագահից, արտաքին գործերի նախարարությունից, որոնք ընդունել ենք ի գիտություն։ Մնացածը համարում ենք մարտավարական քայլեր, եթե խոսքը վերաբերում է առանց նախապայմանների միջպետական հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը։ Ցանկացած դեպքում վստահ ենք, որ դա մեր շահերի հաշվին լինել չի կարող։ Այդ կապակցությամբ որոշ մեկնաբանություններ այցից հետո եղան ինչպես թուրքական, այնպես էլ հայկական կողմից։ Մենք վստահ ենք, որ չէր կարող լինել այնպիսի հարցադրում, թե Հայաստանը հրաժարվում է ցեղասպանության հարցից։ Դրանք բոլորն անհիմն շահարկումներ են, բայց չէի ասի, թե թուրքական կողմից քարոզչական առումով փորձ է արվում այցը լայնածավալ օգտագործել։
-Այնուհանդերձ, սեպտեմբերի 6-ին անցկացրած ձեր միջոցառումները 4 հազար թվակազմ ունեցող կուսակցության համար բավականին համեստ էին։ Մինչդեռ շատերն էին պնդում, թե ՀՅԴ-ն պաստառներով կփակի օդանավակայանից մինչև քաղաք տանող ճանապարհը։
-Սկսենք նրանից, որ դաշնակցությունն այսօր ունի 7 հազար անդամ և տասնապատիկ ավելի համակիր։ Եթե դատելու լինենք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, իսկ դա է օբյեկտիվ չափորոշիչը, մենք ստացել ենք 180 հազար ձայն։ Ինչ վերաբերում է սեպտեմբերի 6-ի միջոցառումներին, ապա մենք նպատակ չէինք դրել ամեն քառակուսի մետրի վրա մի հոգու պաստառով կանգնեցնել, որպեսզի մեր ակցիայի նշանակությունն ընդգծվեր։ Ես այդ ակցիան համարում եմ հաջողված, ամբողջ քաղաքով մեկ մենք կարողացանք կազմակերպված ձևով արտահայտել մեր պահանջները։ Սա այն դեպքում, երբ մինչև վերջին պահը պարզ չէր՝ գալո՞ւ է Թուրքիայի նախագահը ֆուտբոլ նայելու, թե՞ ոչ, ինչպես նաև հստակ տեղեկություններ չկային հնարավոր երթուղու մասին։ Բայց այդքանով հանդերձ մենք հանդես եկանք շատ կազմակերպված, չեմ կարծում, թե մի ուրիշ կուսակցություն Հայաստանում ի վիճակի կլիներ այդպիսի ակցիա կազմակերպել։
-Ընդդիմության վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունը ճեղքվածք է տվել, երբ կոալիցիայի մի կուսակցության ղեկավարը՝ հանրապետության նախագահը, հրավիրում է Գյուլին Հայաստան, իսկ մյուս կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, դրա դեմ ցույց է անում։ Ավելին, նա նշեց, որ այսքանից հետո Սերժ Սարգսյանը պետք է դուրս հրավիրի դաշնակցությանը կառավարող կոալիցիայից։ Ձեր մեկնաբանությունը։
-Լսել եմ այդ հայտարարության մասին։ Տեր-Պետրոսյանը, կարծեմ, ասել էր, որ եթե ինքը լիներ Սերժ Սարգսյանի փոխարեն, այդպես կվարվեր։ Սկսեմ նրանից, որ եթե ինքը լիներ, մենք այդպիսի կոալիցիայում ընդհանրապես չէինք լինի։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ դաշնակցության և ՀՀՇ-ի ու նրա առաջնորդ նախկին նախագահի դիրքորոշումների արմատական տարբերությունը։ Ինչ վերաբերում է այսօրվա կոալիցիային, ապա այնտեղ ներկայացված մեր դաշնակիցների հետ մենք շատ ընդհանրություններ ունենք։ Թեկուզ նույն ցեղասպանության հարցը, որն այսօր ամրագրված է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ` որպես առանձին դրույթ։ Այսինքն, այդ հարցի պաշտպանությամբ հանդես գալով` մենք գործել ենք ելնելով պետական ռազմավարությունից։ Մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք հայտնի է ինչ վերաբերմունք կար ցեղասպանության խնդրի նկատմամբ առհասարակ։
-Այնուամենայնիվ, նախկին նախագահի այս հայտարարությունը կարելի՞ է համարել դաշնակցության հետ հարաբերությունների սրման նոր փուլի սկիզբ։
-Ընդունենք, որ մեր հարաբերությունները երբեք էլ ջերմ չեն եղել։ Ի սկզբանե, երբ ՀՀՇ-ն մենատիրական սկզբունքներով իշխանության ղեկին էր, մինչև հիմա էլ այդ հարաբերությունները չեն փոխվել։ Դրանք կարող են փոխվել, եթե համապատասխան փոփոխություն լինի երկու ուժերի քաղաքական սկզբունքներում։
-Սակայն անցյալ տարի դաշնակցության ղեկավարությունը հանդիպեց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
-Մեկ հանդիպումը ՀՅԴ Գերագույն մարմնում դեռ չի նշանակում, թե մեր փոխհարաբերությունները մտան ջերմացման փուլ։ Մանավանդ որ այդ հանդիպումը եղել է Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ։ Տվյալ պարագայում մենք ցուցաբերեցինք քաղաքական մոտեցում, որովհետև աշխարհում շատ ընդունված և նորմալ բան է, երբ ընդդիմախոս նույնիսկ հակառակորդ ուժերը շփվում են միմյանց հետ, դիրքորոշումներ ճշտում, սակայն դրանով հանդերձ ամեն մեկը մնում է իր դիրքերում, շարունակում գործել իր գաղափարախոսական հարթության մեջ։ Ի դեպ, Տեր-Պետրոսյանի և առհասարակ ՀՀՇ-ի հետ մեր հարաբերությունները երբեք էլ անձնավորված բնույթ չեն կրել։ Միշտ եղել է գաղափարական-քաղաքական հակադրություն։ Եթե նրանք քննադատում են այսօրվա կոալիցիայի ներսում տիրող հարաբերությունները, ես էլ կարող եմ հակառակ օրինակը բերել։ Եթե նույն ՀՀՇ-ն ժամանակին որդեգրեր հանդուրժողական գործելակերպ և իր իշխանության ժամանակահատվածում աշխատեր նույն կոալիցիոն սկզբունքներով, ավելի շատ ուժեր ներգրավեր կառավարման համակարգ, այդ համակարգի ներսում կստեղծվեին յուրօրինակ հակակշիռներ, և երկիրը չէր ունենա քաղաքական, տնտեսական, սոցիալական այն ծանր կորուստները, որ եղան այդ տարիների ընթացքում։
-Դուք համարում եք, որ այսօրվա իշխանության մոտեցումներն ավելի ժողովրդավարակա՞ն են այդ իմաստով։
-Իհարկե։ Այսօրվա խորհրդարանական մեծամասնության և համապատասխանաբար կառավարության մեջ ներկայացված են այն քաղաքական ուժերը, որոնք ընտրությունների արդյունքներով փոքրամասնություն են ամբողջ խորհրդարանի խճանկարում։ Սա, կարծում եմ, հստակ և շատ էական տարբերություն է։
-Անդրադառնանք ներխորհրդարանական հարցերին։ Տիգրան Թորոսյանը հրաժարական տվեց։ Արդյոք սա խորհրդարանական ճգնաժամի առաջին ցուցանիշը չէ՞։
-Ո՛չ, որովհետև խորհրդարանական ճգնաժամը ստեղծվում է այն ժամանակ, երբ Ազգային ժողովը չի կարողանում զբաղվել օրենսդրական գործունեությամբ։ Այսինքն՝ երբ ուժերի դասավորությունը հնարավորություն չի ընձեռում ընդունել օրենքներ, որոշումներ, քաղաքական հայտարարություններ։ Ցայտուն օրինակն այսօրվա ՈՒկրաինան է։ Հայաստանում նման իրավիճակ չկա, Ազգային ժողովը միանգամայն ընդունակ է իրականացնելու օրենսդրական գործառույթները։ Ազգային ժողովի նախագահի փոփոխության հարցը խորհրդարանում մեծամասնություն կազմող խմբակցության՝ ՀՀԿ-ի ներկազմակերպական խնդիրն է, որը կկարգավորվի ըստ խորհրդարանի կանոնակարգի։
-Զուտ մարդկային առումով չե՞ք ափսոսում Տիգրան Թորոսյանի հետ աշխատանքային համագործակցության ընդհատման համար։
-Ես ափսոսում եմ բոլորին, ովքեր փորձ ունեն, և այդ փորձն օգտագործելու լիարժեք հնարավորություն չի ստեղծվում։ Բայց, ի վերջո, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է իր որոշման տերը։ Միաժամանակ սա ներկուսակցական խնդիր է, որովհետև կոալիցիայի համաձայնագրով համապատասխանաբար բաշխվել են քվոտաները կուսակցությունների միջև, և, ըստ այդ բաժանման, ՀՀԿ-ն իրավասու է առաջ քաշելու խորհրդարանի նախագահի ցանկացած թեկնածություն։ Իրենք են որոշում, թե ում փորձառությունն ու ունակություններն են ավելի հարմար այդ պաշտոնի համար։
-Իսկ եթե այդ ներկուսակցական ճգնաժամը, ի վերջո, հանգեցնի խորհրդարանի լուծարման, դաշնակցությունը պատրա՞ստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Մանավանդ որ այդպիսի պահանջ առաջադրել է արմատական ընդդիմությունը։
-Արտահերթ ընտրությունների անցկացման որևէ հիմնավորում ես չեմ տեսնում։ Ընդդիմության տեսանկյունից այդպիսի պահանջ հնչեցնելը միանգամայն հասկանալի է։ Ընդդիմությունն իր գործն է անում՝ փորձելով հասարակությանը համոզել, որ իշխանությունը ճգնաժամի մեջ է, երկրում հասունացած է հեղափոխական իրավիճակ։ Իշխանական կուսակցությունների խնդիրն է կայուն աշխատանքով ապացուցել, որ նման իրադրություն գոյություն չունի։ Մենք ՈՒկրաինա չենք, որ տարին մեկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնենք և երկիրը նետենք ցնցումների մեջ։ Մեր տնտեսությունը դրան չի դիմանա։ Որովհետև բացի նրանից, որ յուրաքանչյուր ընտրություն անցկացնելու համար պետբյուջեից լուրջ գումարներ են ծախսվում, միաժամանակ առաջանում է նախընտրական աժիոտաժ։ Ողջ հասարակությունը հայտնվում է սպասողական վիճակի մեջ, իսկ նման պայմաններում տնտեսավարողները խուսափում են ներդրումներ անելուց՝ մինչև ամեն ինչ իրենց համար հստակ չլինի։
Թող տպավորություն չստեղծվի, թե ՀՅԴ-ն անհանգստանում է նոր ընտրություններին մասնակցելու հեռանկարից։ Առանց ավելորդ համեստության մենք կարող ենք արձանագրել, որ անցած տարիների մի քանի ընտրություններում անընդմեջ մեր կուսակցությունն ապացուցել է, որ ինքը ծրագրով, կանոնադրությամբ, ավանդույթներով և գաղափարախոսությամբ վաղուց ի վեր ձևավորված ուժ է, ունի իր հստակ ընտրազանգվածը, որն ընտրությունից ընտրություն, փաստորեն, ընդլայնվել է։ Մենք ցանկացած դեպքում պատրաստ ենք մասնակցելու ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ որևէ ընտրության և ժողովրդին ներկայացնելու մեր ասելիքը։
-Սեպտեմբերի 2-ի հանրահավաքում դաշնակցությունը նաև հարցադրումներ հնչեցրեց՝ Ջավախքի հետ կապված։ Հետո այդ կապակցությամբ մամուլում մեկնաբանություններ եղան, թե դա ռուսական քաղաքական շրջանակներից իջեցված պատվեր է։ Ձեր մեկնաբանությունը։
-Երբ դաշնակցությունը որևէ դիրքորոշում է արտահայտում ազգային խնդիրների հետ կապված, մեր ընդդիմախոսները միշտ էլ փորձում են պիտակավորել՝ արևմտամետ կամ ռուսամետ։ Մենք դրան պատասխանում ենք, որ իր գոյության 118 տարիների ընթացքում դաշնակցությունը միշտ վարել է հայամետ քաղաքականություն։ Իր համաշխարհային կառույցով, լոբբիստական կառուցվածքներով՝ Հայ դատի գրասենյակներով, հարակից կազմակերպություններով, որոնք ստեղծվել և այսօր էլ գործում են դաշնակցության հակակշռի տակ, մենք վաղուց մեզ համար ձևակերպել ենք այն խնդիրներն ու անելիքները, որոնցով զբաղվել և զբաղվում է մեր կուսակցությունը, և որոնք բոլորն էլ ուղղված են մեկ նպատակի՝ համայն հայության շահերի պաշտպանությանը։ Որտեղ էլ գտնվի հայության այդ հատվածը, որ երկրում էլ ապրի, ազգային կառույցները, իսկ անկախության ձեռքբերումից հետո նաև Հայաստան պետությունը, պարտավոր են տեր կանգնել դրսում բնակվող իրենց հայրենակիցներին։ Մանավանդ երբ խոսքը վերաբերում է հայաբնակ այնպիսի տարածաշրջանի, ինչպիսին Ջավախքն է, ուր կան բազմաթիվ մարտահրավերներ, և որտեղ մեր հայրենակիցների շահերը պաշտպանելու խնդիրներ ունենք։ Դաշնակցությունը մշտապես հնչեցրել և հնչեցնելու է իր դիրքորոշումն այդ կապակցությամբ, անկախ նրանից՝ որևէ մեկին դա դուր է գալիս, թե ոչ։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ